ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը, որպես զուգահեռ գործող սկզբունքներ, մնում են ուժի մեջ

Տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը, որպես զուգահեռ գործող սկզբունքներ, մնում են ուժի մեջ
04.11.2008 | 00:00

ԲԱՎԱՐԱՐՎԵՑԻ՞Ն, ԱՐԴՅՈՔ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԲԻՑԻԱՆԵՐԸ
Վաղուց ենք վարժվել մնջախաղի մակարդակով լուսաբանել ղարաբաղյան կարգավորման շուրջ տեղի ունեցող բարձր մակարդակի հանդիպումները:
Այսպիսով, ողջ աշխարհով մեկ երեկ գիշեր տարածվում էին կադրերը. Սերժ Սարգսյանը թեթև սրտով էր ստորագրում «թուղթը», Ալիևը` չէ, հավես չուներ, հետո արդեն մի քիչ հավես չուներ Սերժ Սարգսյանը և՝ այդպես շարունակ: Դրանից առաջ էլ` Մայնդորֆի աստիճանների վրա Մեդվեդևը նախ` բարևում էր Իլհամ Ալիևին, ապա` Սերժ Սարգսյանին` «նավթի հոտի» նկատմամբ իմունիտետի պատճառով: Եվ, ուրեմն` Մեդվեդևը «ջոկողություն» արեց երկու անգամ` նաև հռչակագիրը ստորագրելուց հետո առաջինը շնորհավորելով Ալիևին: Հեռուն գնացող եզրակացություններ չենք անում նման դիվանագիտության և արարողակարգի մասով, որովհետև գիտենք նաև, որ երիտասարդ Մեդվեդևին Ռուսաստանում ադրբեջանական լոբբիի առաջնորդի կարգավիճակն է ստիպում այդ կերպ իրականացնել Ռուսիո առաջնահերթությունները Հարավային Կովկասում: Մանավանդ որ այդ առաջնահերթություններն այս անգամ փոքր-ինչ նման էին «լեռը երկնեց՝ մուկ ծնեց» կոնֆիգուրացիային, որովհետև այն ամենը, ինչ տեղի ունեցավ Մայնդորֆում, շատ ավելի թատրոն էր, քան քաղաքականություն, ինչը քանի ամիս տարփողվում, մատուցվում էր որպես ռուսական «նոու-հաու» ղարաբաղյան հարցում:
Եվ, այնուհանդերձ, վերը նշվածը չխանգարեց, որ պարոն Մեդվեդևն ահավոր արտահայտիչ կարդա հռչակագիրը: Իսկ հռչակագիրը «ոչ առաջընթաց և ոչ էլ հետընթաց էր կարգավորման գործընթացում, առավել ստույգ` այն ամեն ինչ բերեց «զրոյական վիճակի»` դեպ 2007-ի նոյեմբեր` կողմերին փոխանցված «մադրիդյան» սկզբունքների տեսքով». այս կարծիքին էին երեկ մեզ հետ զրուցող հայ փորձագետները թե՛ արևմտյան, թե՛ ռուսական, թե՛ իրանական «սկլոնի»:
Այսպիսով, երկար սպասված հանդիպումն ավարտվեց: Ավարտվեց առանց ստատուս-քվոյի միլիմետրիկ տեղաշարժի:
Ասել է` Ռուսաստանը, վրաստանյան բլիցկրիգից հետո, չկարողացավ հասնել հարավկովկասյան վերջնական տիրապետության (մասամբ՝ Հայաստանի և Ղարաբաղի հաշվին), ինչի մասին «ֆաս-անֆաս» խոսում էր պարոն Լավրովը կրեմլյան մամուլում` յոթ շրջանների վերադարձ, 58-րդ բանակի տեղակայում գրավյալ տարածքներում, Իջևանում երկրորդ ռուսական ռազմաբազա (այս մասին խոսում էին ռուս փորձագետները) և, վերջապես, Թուրքիո հարավկովկասյան պլատֆորմի անկատար նախագիծ:
Ասել է` Ռուսաստանը չդարձավ ղարաբաղյան հարցը լուծող «միանձնյա առաջնորդ»:
Միևնույն ժամանակ, կարծես թե, չարդարացան նաև ընդդիմության միտինգում հնչած կանխատեսումները. այն է` Ռուսաստանը «դուրս է թռչում ԵԱՀԿ ՄԽ շավղից»:
Այսքանը՝ որպես մոսկովյան հանդիպման առաջին ռեակցիա: Իսկ երբ կողմերն ու «շահագրգիռները» կասեն ավելին խնդրոհանդիպման առնչությամբ, «կհաշվենք» հետադարձ ու համադարձ այդ ռեակցիաները ևս:
Այժմ «դիտենք» ստորագրված հռչակագիրը: Ասենք միանգամից և շատ անկեղծ` հազար անգամ շուռ ու մուռ տալով այն, որևէ դարակազմիկ բան չգտանք նրանում, «տողատակ»-ենթատեքստ` նույնպես: Բայց, միևնույն է, բարեհամբույր-հյուրընկալ տանտեր պարոն Մեդվեդևը ոգևորված այն ընթերցում ու ընթերցում էր, իսկ այդ ոգևորությունը թարգմանեց ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ի դեպ, հանդիպումը մնացած բոլոր հանդիպումներից տարբերվում էր նրանով, որ Հայաստանի և նրա ներկայացուցչի կողքից միշտ քայլել է Ռուսաստանը՝ սիմվոլիկ ու բուն իմաստներով, Մերզլյակովը կրնկակոխ հետևել է Քոչարյանին, և նույնիսկ վերջին` սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ Ալիևը բանակցային սենյակ մտավ Բրայզայի, իսկ Սերժ Սարգսյանը` Մերզլյակովի հետ: Սակայն, ինչպես արդեն ասացինք, այս անգամ Ռուսաստանը «մի գլուխ բարևում» էր Ալիևին:
Այսպիսով, «թարգմանելով» յուրայինների ոգևորությունը, պարոն Մերզլյակովը մեծ ձեռքբերում համարեց հանգամանքը, որ 94-ից այս կողմ առաջին անգամ կողմերը փաստաթուղթ ստորագրեցին:
Դրանով նա նաև ասոցիատիվ «միջնորդություն» իրականացրեց` փորձելով հիշեցնել, որ 94-ի բիշքեկյան համաձայնագիրը նույնպես ստորագրվեց «պոդ իգիդոյ» Ռուսաստան, և ապա` այդ ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ռուսական զորքերը պետք է խաղաղապահ առաքելություն իրականացնեն գրավյալ տարածքներում: Հասկանալի է` Ռուսաստանը ցանկանում է գործընթացը հետ շրջել, ինչն առայժմ հաջողվում է մասամբ` առանձնապես շատ բան չնշանակող, իրավական հիմքեր չունեցող հուշագրի ստորագրմամբ: Բայց և ցանկացած մեկին, այդ թվում և` ոզնուն, պարզ է, որ հռչակագիրն ընդամենը հռչակագիր է ու` ոչ պայմանագիր: Ասել է` բարի ցանկությունների գրավոր արձանագրում:
Բոլոր դեպքերում, զուտ ֆորմալ առումով, հռչակագիրը, նրա ստորագրումը, աշխարհի համակ ուշադրությունը Մոսկվայում տեղի ունեցողի նկատմամբ ևս մեկ անգամ հնարավորություն են տալիս Ռուսաստանին ասելու, որ Կովկասյան տարածաշրջանում ինքն արթուն է, ժամապահ է և գործընթացներ է ղեկավարում:
Ի դեպ, հռչակագիրը, դարձյալ ֆորմալ տեսանկյունից, բավականին «հայանպաստ» է այն պարզ պատճառով, որ, ի լուր և ի տես համայն աշխարհի «պտտվող» տեսակադրերի, Ալիևն ստորագրեց մի փաստաթուղթ, որը քանիցս հավաստում է` կոնֆլիկտը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, «կողմերը հանձնարարում են իրենց երկրների արտգործնախարարներին` արագացնել հետագա քայլերը կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ` համագործակցելով Մինսկի խմբի հետ»:
Թե սրանից հետո պարոն Ալիևն ինչ «երեսով» է հանդես գալու ռազմաշունչ հայտարարություններով, ինքը կիմանա, բոլոր դեպքերում, Ալիևը որոշ առումով անկյուն է քշված, որովհետև պատերազմն այս պահին գոնե անցանկալի է նաև Ռուսաստանի համար: Ռուսաստանի մտահոգությունն այլ է. Հայաստանը ՀԱՊԿ -ի անդամ է, և ցանկացած դեպքում, ով էլ հրահրի, սկսի ռազմական գործողությունները, ՀԱՊԿ-ում այս տարի նախագահող Հայաստանը դառնալու է կողմ, ու Ռուսաստանը, որը պատրաստ է Ադրբեջանին` հանուն Շահ Դենիզի գազի, նվիրաբերել Ղարաբաղը, կկանգնի բավականին լուրջ դիլեմայի առջև՝ Հայաստանում տեղակայված իր ռազմաբազայով հանդերձ:
Հռչակագրի հաջորդ «լավը» Հայաստանի համար ֆիքսումն էր. «Կողմերը համաձայնում են, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավականորեն պարտադրված միջազգային երաշխիքների բոլոր ասպեկտներով և փուլերով»:
Ինչը նշանակում է` տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը, որպես զուգահեռ գործող սկզբունքներ, մնում են ուժի մեջ:
Մնում է հարցնել. բա էլ ո՞ւր էր պարոն Լավրովը մեր և Ղարաբաղի «վատը», Ադրբեջանի «լավն» ուզում:
Ի՞նչ կարող ես անել. ուզում էին «լավուվատ», ստացվեց` ինչպես միշտ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4772

Մեկնաբանություններ